Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել Իրանի հարավ-արեւմուտքում՝ օգտագործելով գիտելիքատար ընկերությունների մշակած ժամանակակից մեթոդները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության հետախուզության բաժնի տնօրեն Մեհդի Ֆակուրը, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

«Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեք երկրները՝ Ռուսաստանը, Իրաքը եւ Իրանը, ապագայում կիրականացնեն որոնողական եւ հետախուզական աշխատանքների ամենամեծ ծավալը, իսկ տարածաշրջանի այլ երկրներում հետախուզումը կավարտվի»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆակուրը։

Նա հավելել է, որ հետեւաբար այս երեք երկրները կլինեն առաջատար պետությունների թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ նավթի ու գազի արդյունահանման շարունակականության առումով։

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը հետախուզական աշխատանքների իրականացման հարցում համագործակցություն է սկսել չորս երկրների, այդ թվում՝ Տաջիկստանի հետ։

Նա նշել է, որ Իրանում հայտնաբերվել են մոտ 14 հետախուզական բլոկներ, սակայն դրանցից ոչ մեկում ներդրում չի կատարվել երկրի դեմ կոշտ պատժամիջոցների պատճառով։