ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ–ում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Մինսկի խմբի ձևաչափը, առնվազն սկսած Ուկրաինայում պատերազմից օբյեկտիվ պատճառներով, խնդիրների առջեւ է կանգնած։ Այդ երեք պետությունները խնդիր ունեն այսօր մի սեղանի շուրջ նստելու, էլ չեմ ասում բովանդակային, քաղաքական, կառուցողական միջավայրում հարցեր քննարկելու։ Մինսկի խմբի գործունեությունն այս պահի դրությամբ ճգնաժամային է` հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել են դրա անդամ 3 երկրները»,–ասաց Աղաջանյանը։

Նա նշեց, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին ռուսական պատվիրակությունն առհասարակ չէր մասնակցում, ինչը հավելյալ ապացույցն է այդ ճգնաժամի. «Հետեւաբար, ԵԱՀԿ–ն որպես մարմին, այս տեսանկյունից, ամենաօբյեկտիվը չի լինի, որպեսզի գնահատի Միսնկի խմբի հնարավորությունը»,-ասաց Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ Իսկ արդեն 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։