Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը նպաստելու,  ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վերջիններիս ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով մեկնարկում է  «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում աշխատաշուկայից դուրս մնացած կանանց թվային մարքեթինգի ոլորտում ձեռք բերել նոր հմտություններ և արժանապատիվ աշխատանքի հեռանկար ունենալ:

Ըստ այդմ՝ ծրագրի շահառու կարող են լինել մարզաբնակ այն կանայք, ովքեր կբավարարեն հետևյալ չափորոշիչներից որևէ մեկին՝

  • ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում,
  • գործազուրկ են (չեն աշխատել ծրագրին դիմելուց առնվազն 3 ամիս առաջ),
  • ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման,
  • հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող կամ հաշմանադմություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են,
  • երեք և ավելի երեխա ունեցող մայր են:

Միջոցառման գործընկերն է «Սովորիր Օնլայն» առցանց հարթակը, որի կողմից տրամադրվող թվային մարքեթինգի դասընթացները ներառելու են ավելի քան 40 վիդեոդաս, 500-ից ավելի օնլայն թեստ, խմբային աշխատանքների հնարավորություններ և կարիերայի խորհրդատվություն:

Այս պահին ծրագիրը մասնակիցների հավաքագրման փուլում է․ առաջին փուլն անվճար է սահմանված չափանիշներին բավարարող բոլոր անձանց համար, իսկ երկրորդ փուլն անվճար կլինի միայն առավելագույն միավորներ ստացած 250 մասնակցի համար: Դասընթացների ավարտին վերջիններս կունենան պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաև աջակցություն` աշխատանք գտնելու հարցում:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ`

  • սմարթ հեռախոս` համացանցին հասանելիությամբ,
  • համակարգչի հասանելիություն,
  • բազային թվային գրագիտություն, այդ թվում` սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է այցելել  «Սովորիր Օնլայն» առցանց հարթակ հետևյալ հասցեով` https://sovorir.online/platform5:

Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար գործում է հետևյալ հեռախոսահամարը` +374 43 50 29 34: