Հունգարիայի կառավարությունն արգելափակել է Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի վերաբերյալ համաձայնագիրը, ինչը ստիպել է Եվրահանձնաժողովին եւ ԵՄ այլ երկրներին այլընտրանքային լուծում փնտրել, որպեսզի Կիեւը հունվարին ստանա այդքան անհրաժեշտ միջոցները, գրում է Politico-ն։

Եվրահանձնաժողովը կքննարկի, թե ինչպես «Ուկրաինային անհրաժեշտ լուծում տրամադրի արդեն հունվարին», դաշինքի ֆինանսների նախարարների բաց հանդիպման ժամանակ հայտարարել է բյուջեի հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։ Ըստ ԵՄ պաշտոնյաների, դա կհանգեցնի, այսպես կոչված, ընդլայնված համագործակցության՝ վետոյից խուսափելու օրինական ճանապարհի:

Բայց այս որոշումը ԵՄ երկրներից կպահանջի ազգային բյուջեի երաշխիքների տրամադրում, ինչը որոշ դեպքերում պահանջում է խորհրդարանի հաստատում, որն էլ կարող է որոշ ժամանակ պահանջել:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը որոշել է կոշտ խաղալ՝ ԵՄ-ի վերականգնման միջոցներից իր բաժինը ստանալու համար: Բրյուսելը փորձել է առայժմ չվճարել Բուդապեշտի համար նախատեսված միջոցների մի մասը։

Հունգարիայի վետոն նշանակում է ֆինանսների նախարարների օրակարգում ընդգրկված մնացած ամեն ինչի՝ կորպորատիվ հարկի նվազագույն դրույքաչափի, որը նույնպես արգելափակում է Բուդապեշտը, Հունգարիայի վերականգնման ծրագրի եւ դրա հետ կապված 5,8 միլիարդ եվրո դրամաշնորհների, ինչպես նաեւ Հունգարիայի համար կոռուպցիայի կանխարգելման նպատակով 7,5 միլիարդ եվրոյի միջոցները սառեցնելու վերաբերյալ որոշումների հետաձգում։

«Մենք չկարողացանք ընդունել փաթեթն ամբողջությամբ, բայց մենք չենք վհատվի»,- ասել է Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան։ «Մեր նպատակը մնում է այն, որ հունվարից սկսենք վճարումներ կատարել Ուկրաինային։

Նա հանձնարարել է Խորհրդին աշխատել «26 անդամ երկրների կողմից աջակցվող որոշման վրա», որը թույլ կտա շրջանցել Հունգարիայի վետոն։