Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորեքշաբթի եռօրյա այցով կժամանի Սաուդյան Արաբիա։ Սա նրա առաջին այցն է թագավորություն 2016 թվականից, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները:

Այցը կներառի երկկողմ գագաթաժողով՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի նախագահությամբ եւ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի մասնակցությամբ:

Սի Ծինփինը կմասնակցի նաեւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարների հետ գագաթաժողովին եւ կհանդիպի Մերձավոր Արեւելքի այլ երկրների ղեկավարների հետ:

Չինաստանի ղեկավարի ժամանումը համընկել է Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության աճին` էներգետիկ քաղաքականությունից մինչեւ տարածաշրջանային անվտանգության եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերի շուրջ:

Այս երկարամյա գործընկերությանը վերջնական հարվածը հասցվել է հոկտեմբերին, երբ ՕՊԵԿ+-ը համաձայնեց կրճատել արդյունահանումը օրական երկու միլիոն բարելով, ինչը Սպիտակ տան կարծիքով՝ հավասարազոր է Ուկրաինայի պատերազմում «Ռուսաստանին միանալուն»:

Կիրակի օրը ՕՊԵԿ+-ը որոշել է պահպանել այդ կրճատումները։

Չինաստանը Սաուդյան Արաբիայի հում նավթի ամենամեծ գնորդն է, նա գնում է Սաուդյան Արաբիայի նավթի արտահանման մոտավորապես մեկ քառորդը:

Վերլուծաբաններն ասում են, որ բացի էներգետիկայից, երկու երկրների առաջնորդները պետք է քննարկեն հնարավոր գործարքները, որոնք կարող են հանգեցնել նրան, որ չինական ընկերություններն ավելի ակտիվորեն մասնակցեն մեգանախագծերին, որոնք առանցքային տեղ են գրավում Սաուդյան Արաբիայի տնտեսությունը նավթից դիվերսիֆիկացնելու արքայազն Մուհամմեդի տեսլականում: