Հայաստանում իրավաբանական անձանցից անշարժ գույքի հարկը պետք է հավաքել ոչ թե տարին մեկ, այլ երկու անգամ՝ ըստ կիսամյակների։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ անհատներն ու բիզնեսը հիմնականում հարկեր են վճարում տարեվերջին։ Այսինքն՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ 

«Մենք որոշել ենք չփոխել քաղաքացիների համար ժամկետները։ Այնուամենայնիվ, բիզնեսի համար վճարումները կբաժանվեն երկու մասի»,-ասաց Տերտերյանը։

Նա նաեւ նշեց, որ տարեկան ընդամենը մոտ 260 հազար անշարժ գույքի հարկային վճարում է կատարվում։ Դրանց մեծ մասը՝ մոտ 220 հազարը, արդեն վճարվում է էլեկտրոնային եղանակով՝ հիմնականում տերմինալների, ինչպես նաեւ բջջային հավելվածների միջոցով։