Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ջանկառլո Ջորջետին կոչ է արել Եվրոպական միության միասնական մոտեցում ցուցաբերել մրցունակության աջակցությանը եւ ռազմավարական արտադրության պաշտպանությանը՝ ի պատասխան գնաճի նվազեցման ամերիկյան օրենքի (IRA) համաձայն զանգվածային սուբսիդիաների, հաղորդում է Reuters-ը:

ԵՄ-ն մտավախություն ունի, որ IRA-ի 430 միլիարդ դոլար արժողությամբ սխեման՝ էներգետիկ ոլորտի բաղադրիչների ներքին արտադրության համար իր առատաձեռն հարկային արտոնություններով, կարող է բիզնեսին դուրս մղել ԵՄ-ից եւ ոչ շահավետ վիճակում դնել եվրոպական ընկերություններին՝ ավտոարտադրողներից մինչեւ մաքուր տեխնոլոգիաներ արտադրողներ:

«Մենք կողմ ենք գնաճը նվազեցնելու եվրոպական ծրագրին»,- ասել է Ջորջետին:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն հարմարեցնում է պետական օգնության իր կանոնները, որպեսզի կառավարությունները կարողանան օգնել իրենց ոլորտներին դիմակայել IRA օրինագծի բացասական հետեւանքներին:

Ջորջետին ասել է, որ ԵՄ-ն պետք է գործի միասին եւ չհետեւի անհատական մոտեցմանը:

«Մենք դրական ենք գնահատում մրցունակությունը խթանող եւ ռազմավարական արտադրությունը պաշտպանող միջոցառումները, բայց միեւնույն ժամանակ կարծում ենք, որ ցանկացած միջամտություն պետք է իրականանա եվրոպական մակարդակում՝ պահպանելով միասնական շուկայի ամբողջականությունը»,- հավելել է Ջորջետին: