Ադրբեջանի նվազագույն ծրագիրն է վերջնականապես փակել Արցախի հարցը, Ստեփանակերտի վրա բարձրացնել ադրբեջանական դրոշը, ավարտել Արցախյան շարժումը եւ բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Իսկ առավելագույն ծրագիրը որպես անկախ քաղաքական սուբյեկտ Հայաստանի աստիճանական անհետացումն ու Բաքվի սատելիտ դարձնելն է։ Պատահական չէ, որ Ալիեւը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը որպես սուբյեկտ գոյություն չունի, եւ իրենք պետք է խոսեն այլ միջազգային ուժերի հետ»,-հավելեց փորձագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը որեւէ քաղաքականություն չի վարում, իսկ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, միայն թե պահպանի իր իշխանությունը։

«Նա գավառական խորամանկություն է ցուցաբերում եւ պարզունակ քաղաքականություն է վարում։ Քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է, Հայաստանի եւ Արցախի շուրջ այսօր նկատվող գործընթացները չեն դադարի։ Հասկանալով դա՝ արտաքին խաղացողները փորձում են առաջինը նրան հրապուրել իրենց մոտ եւ հասնել ինչ-որ փաստաթղթի տակ ՀՀ վարչապետի ստորագրությանը։ ՀՀ իշխանությունն իր հերթին փորձում է առիթներ գտնել ժողովրդի համար զվարճանքներ կազմակերպելու համար՝ փորձելով ապացուցել, որ հայ ժողովուրդը զվարճանքից բացի այլ բան չի ուզում։ Այս ճակատագրական շրջանում նրանք փորձում են նման մոտեցման հակառակորդներին եւ կողմնակիցներին դուրս բերել միմյանց դեմ եւ այդ ֆոնին լուծել իրենց խնդիրները, իրականացնել հակահայկական նախաձեռնությունը՝ ստորագրելով ինչ-որ փաստաթուղթ կամ կնքելով ինչ-որ պայմանավորվածություն։ Հենց այդ նպատակն է հետապնդում իշխանությունը։ Քաղաքական էլիտաները  պետք է ժողովրդին մատնացույց անեն այդ ծուղակը ընկնելու անթույլատրելիությունը»,-նշեց Կիվիրյանը։