Շաբաթ օրը Գեղարքունիքում էինք՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու, խոսելու եմ մեկ կոնկրետ ընտանիքի մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ես խոսելու եմ կոնկրետ մեկ ընտանիքի մասին: Սա այն դեպքն է, որ եթե կոնկրետ մարդու գործերով պետությունը չի զբաղվում, ապա սուտ և ապուշություն է մեծ-մեծ բաներից խոսելը:

Վահան Մեխակի Հակոբյան, պայմանագրային զինծառայող, զոհվել է սեպտեմբերի 13-ին, Կապուտան գյուղի վերեւի դիրքերում:

Տանը մայրն էր՝ տիկին Վարսիկին, ամբողջ կյանքն աշխատած գյուղացի կին, ողբերգությունը դեմքին ու խոսքում: Տանը հարսն էր՝ Նաիրան և նրա 4 անչափահաս երեխաները, 7 տարեկան Վարսիկը, 6 տարեկան Նարեն, 4 տարեկան Էլենը եւ 1,5 տարեկան Գոռը:

Վահանը, իր կնոջ՝ Նաիրայի հետ ամուսնացել են 2014 թվականի օգոստոսի 18-ին, բայց ամուսնությունը չեն գրանցել և արդեն շուրջ 3 ամիս չեն կարողանում հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկը և ստանալ զոհված զինծառայողի ընտանիքի համար օրենքով նախատեսված հատուցումը:

Վարչապե՛տ, պաշտպանության և տարածքային կառավարման նախարարնե՛ր, մարզպե՛տ, անջատվեք տոնածառի և եվրատեսիլի լույսերից, պոկեք ձեր մի տեղը փափուկ աթոռներից և  գնացեք Արեգունու այդ տունը, խոնարհվեք տիկին Վարսիկի, Նաիրայի և 4 երեխաների առաջ և արագ լուծեք այս հարցը: Կարճ ժամանակ ունեք, եթե չարեցիք՝ ավելի լավ է գետինը մտնեք»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը: