Շատ խորհրդանշական եւ կոնտրաստային երեւույթների ենք ականատես լինում. գրեթե միաժամանակ Ադրբեջանում ու Հայաստանում տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ. Ադրբեջանում զորավարժություններ են՝ ուղղված Հայաստանի ու մեր բարեկամ Իրանի դեմ, իսկ Հայաստանի մայրաքաղաքում՝ Մանկական եվրատեսիլ է ու տոնական հրավառություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Ես կողմ եմ մանուկների ուրախությանը, լավ է, որ Հայաստանում է անցնում Մանկական եվրատեսիլը, սակայն ամեն ինչին ճաշակ, չափ ու ձև կա։ Մեր ժողովուրդը պետք է իրականությունը ճիշտ հասկանա, որպեսզի մայրերն իրենց երեխաների դիակների հերթական խմբաքանակը չստանան, կամ էլ՝ չսպասեն անթաղ դիակները ստանալուն»,-ասաց Թևանյանը։

Զուգահեռներ անցկացնելով երկու պետությունների միջև՝ պատգամավորն արձանագրեց, որ ադրբեջանցիները մի քանի ժամով փակել էին Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, իսկ երևանի քաղաքային իշխանությունն էլ ի՛ր հերթին փակել էր մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, որպեսզի տոնական լույսեր կախի, եւ կառավարության շենքի պատերը բարբարոսաբար ծակելով պատրաստվի Նոր տարվան:

Թևանյանի խոսքով՝ Ադրբեջանը համալրում է իր բանակը, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը համալրում է իր պահակախումբը, որին հանդիպելիս մարդիկ կյանքը կամ առողջությունն են կորցնում։

«Ադրբեջանը զենք է գնում ու պատրաստվում մեր դեմ հարձակման: Հայաստանի իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացնելու, տոնածառ զարդարելու, ժողովրդին կառնավալային իրականության մեջ մտցնելու համար։ Որքան շատ են իրենք սիրում բոլորին, խոնարհվում բոլորի առաջ ու հպարտանում բոլորով, այնքան ավելի ծանր վիճակում են հայտնվում բոլորը, բացի իրենցից, իհարկե»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխանությունները որքան շատ են խոսում թալանից, այնքան ավելի շատ են թալանվում հպարտ քաղաքացիները, գների աճի արդյունքում կյանքն արժեզրկվել է, ապրուստը՝ թանկացել։

«Բա ո՞ւր մնացին օլիգարխների դեմ պայքարները: Բա ինչու՞ գները չեն իջնում։ Չէ՞ որ նախկինում ասում էին, թե գնաճի պատճառը մենաշնորհն է և հիմա, իբր, մենաշնորհները վերացել են։ Մի՞թե պարզ չէ, որ վարչապետի աթոռին հայտնվածը խաբել է այն 3 մլն վարչապետ հռչակվածներին, որ բանանի ու մյուս բաների գները կիջնեն, որ զիմզիմովները այլևս չեն կարողանա արագաչափերի միջոցով կեղեքել մեր վարորդներին: Պարզվում է՝ այսօրվա Զիմզիմովն ավելի է չաղացել և լկտիացել, իսկ վարորդներին ու մյուսներին թալանելու չափերը կտրուկ ավելացել են։

Եվ այս ամենը կոչվում է թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն, որի պայմաններում շարքային քաղաքացիներին վերապահված են զոհվելն ու կյանքի զրկանքները կրելը, իսկ իրենց՝ իշխանության վայելքները, արագ հարստանալը, աշխարհով մեկ պտտվելը։

Մի՞թե սրա համար էին մարդիկ դուրս եկել փողոց 2018-ին»,-խոսքն ավարտեց Թևանյանը՝ պարզաբանելով որ վերջին հարցն հռետորական է։