Goldman Sachs Group Inc.-ի տնտեսագետները փորձել են կանխատեսել համաշխարհային տնտեսության հետագիծը մինչեւ 2075 թվականը, գրում է Bloomberg-ը։

Երկու տասնամյակ անց այն բանից, երբ նրանք ներկայացրել են իրենց հայտնի երկարաժամկետ աճի կանխատեսումները ԲՐԻՔՍ-ի տնտեսությունների համար, տնտեսագետները՝ Յան Հացիուսի գլխավորությամբ, ընդլայնել են իրենց կանխատեսումները, որպեսզի ընդգրկեն 104 երկրներ առաջիկա հիսուն տարիների ընթացքում:

Ահա այն եզրակացությունները, որոնց նրանք հանգել են.

  • Համաշխարհային աճը հաջորդ տասնամյակում միջինը կկազմի տարեկան 3 տոկոսից մի փոքր ցածր՝ ֆինանսական ճգնաժամին նախորդող տասնամյակի 3,6 տոկոսի համեմատ, եւ դրանից հետո աստիճանաբար կնվազի՝ արտացոլելով աշխատուժի աճի դանդաղումը։
  • Զարգացող շուկաները կշարունակեն մերձենալ արդյունաբերական երկրների հետ, քանի որ Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ինդոնեզիան եւ Գերմանիան գլխավորում են դոլարային արտահայտությամբ խոշորագույն տնտեսությունների վարկանիշը: Նիգերիան, Պակիստանը եւ Եգիպտոսը նույնպես կարող են լինել խոշորագույններից։
  • ԱՄՆ-ը դժվար թե կրկնի իր վերջին տասնամյակի համեմատաբար ուժեղ ցուցանիշները, եւ դոլարի բացառիկ հզորությունը նույնպես կթուլանա առաջիկա 10 տարիների ընթացքում:
  • Թեեւ եկամուտների անհավասարությունը երկրների միջեւ կրճատվել է, այն կշարունակի աճել երկրների ներսում:

Տնտեսագետներ Քեւին Դեյլին եւ Թադաս Գեդմինասը պրոտեկցիոնիզմը եւ կլիմայի փոփոխությունը դիտարկել են որպես ռիսկեր, որոնք «հատկապես կարեւոր» են ինչպես աճի, այնպես էլ եկամուտների մերձեցման համար: «Մեր կանխատեսումները ենթադրում են, որ մենք անցել ենք համաշխարհային պոտենցիալ աճի բարձր կետը»,- գրել են տնտեսագետները։ «Այս կանխատեսվող դանդաղման մեծ մասը կապված է ժողովրդագրության հետ: Վերջին 50 տարիների ընթացքում աշխարհի բնակչության աճը երկու անգամ կրճատվել է»։

Նրանց խոսքով՝ բնակչության առավել դանդաղ աճը «լավ խնդիր է», քանի որ դա նշանակում է ավելի քիչ բեռ շրջակա միջավայրի վրա: Այնուամենայնիվ, դա կառաջացնի «մի շարք տնտեսական խնդիրներ», օրինակ՝ ինչպես են երկրները վճարելու իրենց ծերացող բնակչության առողջապահական աճող ծախսերը: