Վանաձորում նոյեմբերի 25-ին պարեկների եւ մի քանի քաղաքացիների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վնասվածք ստացած Ռադիկ Ավետիսյանը մինչեւ հիմա հիվանդանոցում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծեծկռտուքին ականատես, Ավետիսյանների հարազատ Արեն Ջերոյանը։

«Ռադիկի թոքերում հեղուկ է լցվել, կողերն են ցավում, բուժում է ստանում։ Մինչեւ այսօր մենք հիվանդանոցում ենք, տեսել ենք, որ պարեկներ են եկել, նկարվել ու գնացել են, բայց որեւէ մեկի վրա վնասվածք կամ հետք չկար։ Դեպքից անցնում է մի քանի օր, պարեկները նոր գալիս են հիվանդանոց»,- պատմեց Արեն Ջերոյանը։

Նշենք, որ ծեծկռտուքի երկու կողմերն էլ՝ վանաձորցիները եւ պարեկները, վստահեցնում են, որ իրենք են տուժող կողմը:

«Մենք 3 հոգով ենք եղել, չէինք կարող 40 պարեկի ծեծել։ Միայն հորեղբայրն է մետաղյա ձող վերցրել իր ձեռքը, երբ տեսել է, որ անչափահաս տղային ծեծում են։ Մենք չէինք կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում, հենց աչքերս բացում էի, արցունքաբեր գազ էին փչում։ Աչքերիս 4 անգամ արցունքաբեր գազ են փչել»,- ասաց Ջերոյանը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պարեկները փորձել էին ճանապարհն ազատել Տավուշ մեկնող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար։ Պարեկներից մեկի եւ տարեց վարորդի միջեւ վիճաբանություն էր ծագել, ինչին միջամտել էր նաեւ նրա որդին: Ականատեսների խոսքով՝ ավելի ուշ հաշվեհարդար տեսնելու նպատակով պարեկներն այցելել էին նրանց աշխատավայր եւ ծեծի ենթարկել նրանց։