Կիեւը ձգտում է, որ Վրաստանը դառնա պատերազմի կողմ։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով Թբիլիսիում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»։

«Ռուսաստանի օկուպացիոն պատերազմում կողմ դառնալը Վրաստանի շահերից չի բխում, մենք կաջակցենք խաղաղությանը։ Երբ երկրի ներկայացուցիչն ասում է, որ Վրաստանը պետք է զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարի Ուկրաինային, ակնհայտ է, որ նրանք օբյեկտիվորեն առանձնահատուկ ակնկալիքներ չեն կարող ունենալ Վրաստանից հատուկ սպառազինության կամ ռազմական տեխնիկայի մատակարարումների առումով։ Ուղերձը, որ հնչեցրել է այդ մարդը, այն է, որ Վրաստանը պետք է դառնա ռազմական հակամարտության կողմ»,-նշել է Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանն Ուկրաինային «անվերապահ քաղաքական եւ հումանիտար օգնություն է ցուցաբերում իր հնարավորությունների մասշտաբներից եւ սահմաններից դուրս, իսկ ռազմական օգնություն չի կարող տրամադրել եւ չի տրամադրի»։