Գերմանիան հայտարարել է, որ Եվրոպան պետք է ձեռնպահ մնա պարտք վերցնելուց, որպեսզի մրցակցի ԱՄՆ կանաչ սուբսիդիաների հետ, այլապես նրա մրցունակությունը սպառնալիքի տակ կհայտնվի։

ԵՄ-ը հայտարարել է, որ անհանգստացած է Գնաճի նվազման մասին ԱՄՆ օրենքից (IRA). հյուսիսամերիկացի մեքենա արտադրողների սուբսիդիաները խախտում են միջազգային առեւտրի կանոնները եւ սպառնում եվրոպական բիզնեսին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կիրակի հայտարարել է, որ «ԵՄ մակարդակով նոր լրացուցիչ ֆինանսավորում կպահանջվի», որպեսզի եվրոպական ընկերություններն ավելի մրցունակ լինեն ավելի «կանաչ էկոնոմիկայի» անցնելիս։

Բայց Բեռլինում նրա գաղափարն ընդունել են որոշ թերահավատությամբ։ «Գնաճն իջեցնելու մասին ԱՄՆ օրենքը հնարավորություն է, հրավեր՝ վերանայելու մեր մրցունակությունը»,- CNBC-ին ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։ «Կան Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նախաձեռնության որոշ մասեր, որոնք [պետք է] քննարկել հետագայում, հատկապես նրա առաջարկը ինքնիշխանության եվրոպական ֆոնդի մասին։ Եթե դա նշանակում է գոյություն ունեցող մեխանիզմների ռեբրենդինգ, ես բաց եմ քննարկման համար։ Եթե ինքնիշխանության ֆոնդերը նշանակում են նոր ընդհանուր եվրոպական պարտք, ապա ես կարծում եմ, որ դա չի լինելու մեր մրցունակության կամ կայունության բարելավում, դա լինելու է սպառնալիք մեր մրցունակությանն ու կայունությանը»,- ասել է նա։

Եվրոպայի գործադիր իշխանության ղեկավարի առաջադրած գաղափարները դեռեւս նախնական փուլում են, այսինքն՝ բանակցությունների սեղանին պաշտոնական առաջարկներ չկան։ Բայց դրանք նշում են, թե, հանձնաժողովի կարծիքով, դեպի ուր պետք է շարժվի ԵՄ-ը, որպեսզի ավելի լավ վիճակում հայտնվի եւ մրցակցի Միացյալ Նահանգների հետ։

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պաշտոնատար անձինք մի քանի բանակցություններ են վարել այն մասին, թե ինչպես հարմարեցնեն IRA-ի որոշ կանոնները, որպեսզի հաշվի առնվեն Եվրոպայում արտահայտված մտավախությունները։ Նման հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Մերիլենդում։ «Մենք ամփոփել ենք Գնաճի իջեցման մասին օրենքի վերաբերյալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հատուկ աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքները եւ նախնական առաջընթաց գրանցել։ Մենք ընդունում ենք ԵՄ-ի անհանգստությունը եւ ընդգծում մեր հավատարմությունը նրանց կառուցողական որոշմանը»,- նշվել է հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունում։

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կարելի է ճշգրտումներ մտցնել, «որպեսզի հեշտացվի IRA-ի կողմից հատկացվող  սուբսիդիաներին եվրոպական երկրների մասնակցությունը»։