Ամերիկյան խոշորագույն բանկերը պատրաստվում են հաջորդ տարի տնտեսության վատթարացմանը, քանի որ գնաճը սպառնում է սպառողական պահանջարկին:

JPMorgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը հայտարարել է, որ սպառողները եւ ընկերությունները հիմա լավ վիճակում են, ինչը կարող է երկար չտեւել, քանի որ տնտեսությունը դանդաղում է, իսկ գնաճը քայքայում է սպառողների գնողունակությունը: «Այս բաները կարող են շատ լավ խափանել տնտեսությունը եւ թթեւից մինչեւ ծանր ռեցեսիա առաջացնել, որի համար մարդիկ անհանգստանում են»,- ասել է նա CNBC-ի հետ զրույցում:

Սպառողները ունեն 1,5 տրիլիոն դոլար ավելցուկային խնայողություններ համավարակի խթանման ծրագրերից, բայց դրանք կարող են սպառվել հաջորդ տարվա կեսին, նշել է Դայմոնը: Դաշնային պահուստային համակարգը 3-6 ամսով կարող է կանգնել տոկոսադրույքները մինչեւ 5 տոկոս բարձրացնելուց հետո, բայց դա կարող է «բավարար» չլինել բարձր գնաճը զսպելու համար:

Անցյալ ամիս ԱՄՆ կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքները 75 բազիսային կետով՝ մինչեւ 3,75-4 տոկոս, բայց նաեւ ազդարարել է, որ հույս ունի իր հաջորդ հանդիպման ժամանակ անցնել փոխառությունների ծախսերի ավելի փոքր աճի:

Bank of America-ի գործադիր տնօրեն Բրայան Մոյնիհանը Goldman Sachs-ի ֆինանսական համաժողովի ժամանակ ներդրողներին ասել է, որ բանկի հետազոտությունները ցույց են տալիս «բացասական աճ» 2023 թվականի առաջին կիսամյակում, սակայն կրճատումը «մեղմ» կլինի:

«Տնտեսական աճը դանդաղում է»,- ասել է Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դեւիդ Սոլոմոնը։ «Երբ ես խոսում եմ մեր հաճախորդների հետ, նրանք շատ զգույշ են թվում»: Բանկային ոլորտում, նրա խոսքով, աշխատանքի շուկան մնում է «զարմանալիորեն կոշտ», իսկ տաղանդների համար մրցակցությունը «կոշտ է ավելի, քան երբեւէ»: