Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինա զենք չի մատակարարում իր սահմաններից դուրս հարվածներ հասցնելու համար եւ չի խրախուսում դա, տեղեկացրել է «Голос Америки»-ին։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ուկրաինան ցուցադրել է ռուսական տարածքի խորքում գտնվող ավիաբազաներին հարվածներ հասցնելու նոր ունակություն։

Հիշեցնենք, որ ըստ Մոսկվայի՝ երկուշաբթի օրվա գրոհների հետեւանքով զոհվել է երեք ռուս զինծառայող, չորս հոգի վիրավորվել է, վնասվել է երկու ռազմական ինքնաթիռ։

Երեքշաբթի արդեն երրորդ ռուսական օդանավակայանն է (Կուրսկի) հրդեհվել անօդաչուի հարվածի հետեւանքով։

«Մենք Ուկրաինային այնպիսի միջոցներ չենք տրամադրում, որոնք կարող են հարվածներ հասցնել նրա սահմաններից դուրս։ Մենք Ուկրաինային չենք խրախուսում հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս»,- լրագրողներին ասել է Փրայսը։

Նա ավելացրել է, որ չկան հաստատումներ, որ հարվածները, որոնց մասին խոսվում է, հասցվել են Ուկրաինայի կողմից։

Կիեւի կառավարությունը չի ստանձնել հարվածների ուղիղ պատասխանատվությունը, բայց եւ ողջունել է դրանք։ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինա զենք չի մատակարարել Ռուսաստանի տարածքում օգտագործելու համար։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ այդ մատակարարումները (նախատեսված են) պաշտպանության համար»,- ասել է Փրայսը։