Թուրքիային F-16-ներ տրամադրելու սահմանափակումները հանվել են ԱՄՆ 857 մլրդ դոլարի չափով պաշտպանական բյուջեի վերաբերյալ օրինագծի (National Defense Authorization Act, NDAA) վերջնական տարբերակից, տեղեկացրել է Anadolu գործակալությունը։

«Կոնֆերանս-կոմիտեն, որի մեջ են մտնում սենատորներ եւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներ, ավարտել է NDAA-ի օրինագծի (որը ներառում է 857 մլրդ դոլարի չափով պաշտպանական բյուջե) մշակման աշխատանքը։ Anadolu գործակալությունը տեղեկացել է օրինագծի վերջնական տարբերակի մասին, որը ներկայացվելու է Կոնգրեսի երկու պալատների լիագումար նիստի քվեարկությանը։ Օրինագծի վերջնական տարբերակում տեղ չեն գտել այն կետերը, որոնք սահմանափակում էին Թուրքիային F-16-ների վաճառքը. այդ կետերը ներկայացրել էին 18 կոնգրեսականներ»,- նշել է գործակալությունը։

ԱՄՆ-ը ավելի վաղ պաշտոնապես տեղեկացրել էր Թուրքիային, որ երկիրը հանում է նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից, քանի որ Անկարան ռուսական ՀՕՊ С-400 համակարգեր է գնում։ Վաշինգտոնը չեղարկել էր Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ հուշագիրը՝ այն ստորագրելով F-35-ի նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել էր այլ կործանիչներ գնելու ԱՄՆ առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16-ների։ Հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում. պետդեպարտամենտն աջակցում է դրան՝ կոնգրեսականներին համոզելով, որ գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»։