2023թ. պետական բյուջեի նախագիծը ենթարկվել է վերանայման։ Ծախսերը եկող տարի կկազմեն 2 տրլն 591 մլրդ դրամ, եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 7-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ինչպես նշել է նախարարը, բյուջեի դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ։ Բյուջեի նախորդ նախագծի համեմատ, որը նույնպես ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը, թարմացված տարբերակում ծախսերի մասն ավելացել է 826 մլն դրամով։ «Եկամուտներն ավելացել են 734,5 մլն դրամով։ Հարկային մուտքերը փոփոխության չեն ենթարկվել։ Դրանք կանխատեսվում են 2 տրլն 203,7 մլրդ դրամի մակարդակում»,- նշել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եկամուտների ավելացումը պայմանավորվել է այլ եկամուտներով, ինչպես նաեւ պաշտոնական դրամաշնորհներով։ Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։

«Փոփոխությունները 2023թ. պետական բյուջեի նախագծում պայմանավորված են մի քանի պատճառներով։ Օրինակ, կատարվել է օտարերկրյա արժույթով գործողությունների վերահաշվարկ դրամով, նոյեմբերի 1-ի փոխարժեքով։ Դա, իր հերթին, հանգեցրել է եկամուտների, ծախսերի, ինչպես նաեւ պետական բյուջեի դեֆիցիտի վերանայման»,- նշել է ֆինանսների նախարարը։