Ադրբեջանական 1News.az կայքը հայտնել է խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ինչ-որ բանակցությունների մասին, որոնք, իբր, տեղի կունենան այսօր։

«Մոնիթորինգային խումբը, որը բաղկացած է բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության աշխատակիցներից, էկոնոմիկայի նախարարությանը կից գույքի հարցերով պետական ծառայությունից եւ AzerGold ՓԲԸ-ից, որը հետաքննելու է բնական պաշարների ապօրինի շահագործումը, դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպման արդյունքներով կշարունակի քննարկումները ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ բանակցությունները տեղի կունենան Խոջալուի խաղաղապահների շտաբում։ Դեկտեմբերի 3-ին Խոջալուի ռուսական խաղաղապահ ուժերի շտաբում անցկացված քննարկումների արդյունքում սկսվել է գործունեության նշված ուղղություններով տարածքում աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզի նախապատրաստումը՝ բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության եւ Ադրբեջանի այլ համապատասխան կառույցների մասնակցությամբ»,-ասվում է հրապարակման մեջ։

Ռուսական եւ հայկական կողմերը չեն մեկնաբանել հաղորդագրությունը։