Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ, Հայաստանի ԶՈՒ կայացման հենց սկզբնական փուլից էլ մենք մտածել ենք դրա մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով Սուրեն Պապիկյանի ներկայացրած օրինագծի վերաբերյալ, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում հնարավորություն տալ 6 ամիս ծառայելուց հետո ընտրել 5 տարով պայմանագրային ծառայության անցնելու տարբերակը:

Օհանյանի խոսքով, պայմանագրայինի անցնելու գործընթացը լայն բովոնդակություն ունի, ինչն ընդգրկում է անձնակազմի համալրումը և այն խնդիրները, որոնք կատարում են զինված ուժերը:

Նա նշեց, որ Հայաստանի ԶՈւ-ն դեռ երկար ժամանակ խառը համալրում է ունենալու՝ և՛ պայմանագրային, և՛  ժամկետային ծառայության տեսքով. «Ակնհայտ է, որ երկար տարիներ պայմանագրային ծառայությունը ներդնելով՝ ՊՆ-ն նաև սոցիալական խնդիրներ է լուծել: Հատկապես սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել: Առաջին՝ սահմանների պաշտպանությունը ՝ համալրելով տվյալ տարածքի զորամասերը և սոցիալական խնդիր են լուծել՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ և համապատասխան աշխատավարձ ստացել: Այս պարագայում, չափազանց խիստ մոտեցումները պայմանագրային ծառայության նկատմամբ մի փոքր ժամանակավրեպ է»,-ասաց Օհանյանը:

Նա նաեւ ասաց, որ ժամկետային ծառայությունից պայմանագրայինին անցնելու գաղափարը դեռ 2010 թվականին է առաջ քաշվել, ինքն է դրա հիմնավորումները տվել և կողմ է դրան, սակայն դեմ է երբ զինված ուժերի համալրման գործընթացին տալիս են այս կամ այն անունը՝ «Ես եմ», «Դու ես», «Պաշտպան հայրենյաց» և այլն:

դրանք, ըստ նրա,  ընդամենը պետք է լինի համալրման մեջ ժամկետայինից պայմանագրայինի անցնելու կետը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ իրենց դաշինքը օրենսդրական փոփոխությանը կողմ  կքվեարկի: