Գերմանիայում պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածվողները կապ են հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, սակայն աջակցություն չեն ստացել։ Այս մասին ասվում է Գերմանիայի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով` «ռայխսբյուրգերները» ծրագրում էին երկրում իշխանության սահմանադրական մարմինների տապալում իրականացնել։ «Այսօր առավոտից լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։ Դաշնային դատախազությունը քննչական գործողություններ է իրականացնում «ռայխսբյուրգերների» շրջապատում։ Կասկած կա, որ իշխանության սահմանադրական մարմինների վրա զինված հարձակում է ծրագրվել»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը։

Դաշնային դատախազությունից հայտնել են, որ «ռայխսբյուրգերների» ձերբակալությունները կատարվել են դաշնային դատական պալատի քննիչ դատավորների կողմից տրված օրդերների հիման վրա: Բոլոր ձերբակալվածները Գերմանիայի քաղաքացիներ են։ ԶԼՄ-ների տվյալներով՝ մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ Բեռլինում, խուզարկություններ են կատարվել։