Բոլոր այն հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերվում են Զինված ուժերի համալրվածությանը եւ զինծառայության գրավչությանը, անչափ կարևոր են մեր ժողովրդի համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ դրամական վարձատրության խնդիրը շատ կարեւոր է, բայց դա պետք է դրվի ճիշտ հիմքերի վրա:

«Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրները, նաեւ ռազմաքաղաքական իրավիճակը, անվտնգության միջավայրը, նաեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը հայրենիքին ծառայելու ուղղությամբ, մեր ԶՈՒ-ում խառը համալրման սկզբունքը դեռ երկար է տեւելու: Այսինքն լինելու է եւ պայմանագրային ծառայություն, ժամկետային ծառայություն:

Բայց այստեղ, «պրոֆեսիոնալ բանակ» ասելով չպետք է միայն հասկանանք մարդկային ռեսուրսների համալրումը, պրոֆեսիոնալ բանակը լայն փիլիսոփայական  հասկացություն է, որտեղ մարդու պատրաստությունը, կրթական մակարդակը, զինծառայության գրավչությունը, պետք է համադրված լինի ձետք բերվող սպառազինությանը»,- ասաց Օհանյան:

Ինչ վերաբերում է ատեստավորմանը, նա նկատեց, որ մեր բանակում ատեստացիոն համակարգ գոյություն ունի. «Յուրաքանչյուր կառույցում կան ատեստացիոն հանձնաժողովներ, եւ նրանք պարբերաբար աշխատելով որոշում են զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին, եւ արդյոք արժանի են առաջխաղացման: Ատեստացիան կապել միայն միայն հավելավճարի հետ, ճիշտ չէ: Նախ, անհավասար պայմանններ են լինելու միևնույն պաշտոններում գտնվողների միջեւ, երկրորդը, ազդելու է ծառայողական աճի վրա, որովհետև որոշ մարդկանց մոտ կարող է բարձր պաշտոնի գնալու ցանկությունը վերանալ եւ թափուր պաշտոններն են ավելանալու: Ըստ էության, ատեստավորման ու հավելավճարների խնդիրը բերելու է Զինված ուժերից արտահոսքի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նշեց, որ իրենք առաջարկել են թողնել ատեստացիոն համակարգը, այդ հավելավճարների սկզբունքը ավելացնել մասնագիտական որակական կարգերի համակարգում: