Հայաստանի ընդհանուր պարտքում արտաքին պարտքի կշիռը 2023թ. ընթացքում կնվազի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 7-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Մասնավորապես, նախատեսվում է, որ կառավարության պարտքը տարեվերջին դրամային համարժեքով կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49,8 տոկոսը։ «Ընդ որում, եթե դոլարի փոխարժեքը մնա ավելի ցածր, ապա այդ ցուցանիշը եւս անկում կգրանցի։ 2023թ. պետբյուջեի նախագծում առաջարկվում է դեֆիցիտը սահմանել 289 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 3,1 տոկոսի չափով։ 7 տոկոսանոց տնտեսական աճի պահպանումը հաջորդ տարիներին թույլ կտա բյուջեի դեֆիցիտը սահմանել ՀՆԱ-ի 2,5-3 տոկոսի սահմաններում։ Մի կողմից՝ դա թույլ կտա ապահովել ծախսերի ֆինանսավորման համար բավականաչափ միջոցներ, մյուս կողմից՝ կնվազեցնի պարտքի մակարդակը ՀՆԱ-ի հանդեպ»,- ասել է Խաչատրյանը։

Կառավարության պարտքը դրամային համարժեքով 2023թ. վերջին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49,8 տոկոսը։ Այս ցուցանիշի հաշվարկումը հիմնված է մեկ դոլարը 436 դրամ փոխարժեքի վրա։ «Հետեւաբար, եթե  ավելի ցածր լինի իրական փոխարժեքը, այդ 49,8 տոկոսն ավելի ցածր կլինի։ Իսկ եթե փաստացի փոխարժեքը նշվածից 5 տոկոսով ավելի ցածր կամ բարձր լինի, ապա պետական պարտքը ՀՆԱ-ի հանդեպ կմնա 48-51 տոկոսի սահմաներում։ Ընդ որում, 2023թ. ընթացքում արտաքին պարտքի կշիռը կփոքրանա։ Այն կկազմի ընդհանուր պարտքի 57,6 տոկոսը։ Այս տարվա վերջին արտաքին պարտքի բաժինն ընդհանուր պարտքում կազմում է 60,2 տոկոս»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է. 2018թ. արտաքին պարտքի կշիռը կառավարության պարտքում կազմում էր ավելի քան 78 տոկոս։ Հաջորդ տարվա համար նախատեսված 60 տոկոս ցուցանիշը Խաչատրյանը «զգալի ձեքբերում» է համարել։ «Դա պետական պարտքի կառավարման պետական քաղաքականության արդյունքն է»,- ամփոփել է կառավարության ներկայացուցիչը։