Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանն, անկասկած, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում նման հանդիպման անցկացման համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, հնարավո՞ր է արդյոք, որ մինչեւ տարեվերջ Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա։

Նա նաեւ նշել է, որ եթե այս հանդիպումից հետո որեւէ փոխըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացվի։

Ալիեւն ավելի վաղ հայտարարել էր, որ Փաշինյանի հետ Բրյուսելում դեկտեմբերին նախատեսված հանդիպումը չի կայանա։ Հայաստանի ԱԳՆ-ն վստահեցրել էր, որ Երեւանը պատրաստ է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, բայց քառակողմ ձեւաչափով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։