Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արեւելյան գործընկերության եւ ինստիտուցիոնալ կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը Բաքվում է եւ հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին հաղորդում են, որ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել տնտեսական, էներգետիկ, ներդրումային, տրանսպորտային եւ այլ ոլորտներում համագործակցության առկա օրակարգի, ինչպես նաեւ տարածաշրջանում ներկայիս իրադրության վերաբերյալ։

Բայրամովն ընդգծել է այս տարվա հուլիսի 18-ին Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարեւորությունը ոչ միայն ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա ավելացնելու, այլ նաեւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման տեսանկյունից։ Նա նշել է, որ տրանսպորտային միջանցքների ոլորտում ավելացող ջանքերի արդյունքում գրանցվել է Ադրբեջանի տարածքով անցնող բեռների ծավալների աճ։ Բայրամովը գոհունակությամբ նշել է «օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնողական գործունեությունում ներդրումներ կատարելու ԵՄ-ի շահագրգռվածությունը»։

Լ.Մերեդիթն իր հերթին ասել է, որ «Միջին միջանցքի» իրականացման հետ կապված Ադրբեջանի ցուցաբերած նախաձեռնությունն ու ակտիվությունը հանրապետությանը դարձնում է տրանսպորտի եւ տարանցման ոլորտի կարեւոր գործընկերներից մեկը։ Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ի համար առաջնահերթ է ներդրումներ կատարել տարածաշրջանների տնտեսությունների, փոքր եւ միջին ձեռներեցության, այլընտրանքային էներգետիկայի, տրանսպորտի եւ թվային զարգացման համար։

Այսպիսով, արդեն որերորդ եվրոպացի պաշտոնյան լիակատար փոխըմբռնում է ցուցադրում Ադրբեջանի հետ, իհարկե, էներգակիրների փոխանակման դիմաց։ Հատկանշական է «Միջին միջանցքի» հիշատակումը. Ադրբեջանում եւ Թուրքիայում երթուղին անվանում են «միջին», այն նախատեսված է կապելու Չինաստանն ու եվրոպական երկրները՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով։

Սակայն ադրբեջանա-թուրքական տանդեմի՝ «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու համառ պահանջն ակնհայտորեն կապված է նախագծի հետ։ Խրախուսելով Ադրբեջանին՝ եվրոպացի պաշտոնյան այսպիսով խրախուսում է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ վարքագիծը։ Դժվար է պատկերացնել, որ նման մասշտաբի եվրոպացի պաշտոնյան դա չի հասկանում։