Թալիբանի վարչակազմն իրականացրել է սպանության համար դատապարտված տղամարդու առաջին պաշտոնական հրապարակային մահապատիժը, հայտնում է Reuters-ը։

Մահապատիժը տեղի է ունեցել արեւմտյան Ֆարահ նահանգում։ Տղամարդուն մեղադրել են 2017 թվականին դանակահարության համար, ասել է թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։

Գործը հետաքննվել է երեք դատարանների կողմից եւ թույլատրվել է խմբի բարձրագույն հոգեւոր առաջնորդի կողմից, որը բնակվում է հարավային Քանդահար նահանգում:

Մուջահիդի խոսքով՝ մահապատժին ներկա են եղել թալիբների ավելի քան մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքքանին եւ փոխվարչապետի պաշտոնակատար Աբդուլ Գանի Բարադարը, ինչպես նաեւ երկրի գերագույն դատարանի գլխավոր դատավորը:

Ավելի վաղ երկրի գերագույն դատարանը հրապարակային մտրակման էր դատապարտել ավելի քան 10 տղամարդկանց եւ կանանց, որոնք մեղադրվում են այնպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք են կողոպուտը եւ ամուսնական դավաճանությունը:

Անցյալ ամիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը կոչ էր արել թալիբների իշխանություններին անհապաղ դադարեցնել Աֆղանստանում հանրային մտրակման կիրառումը:

Դատարանի հայտարարության համաձայն՝ թալիբների գերագույն հոգեւոր առաջնորդը նոյեմբերին հանդիպել է դատավորների հետ եւ ասել, որ նրանք շարիաթի օրենքներին համապատասխան պատիժներ պետք է կիրառեն։

Հրապարակային մտրակումներ եւ քարկոծումներով մահապատիժներ տեղի են ունեցել 1996-2001 թվականներին «Թալիբան»-ի նախկին կառավարման ժամանակ: