Հայաստանը Լեռնային Ղարաբաղում որեւէ զինված կազմավորում չունի։ Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով, հենց Ղարաբաղի բանակի անվանումը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակ - խմբ.) ցույց է տալիս դրա անմիջական նշանակությունը։ Խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայերի պաշտպանության մասին է։

«Եվ այսօրվա դրությամբ այն ավելի քան երբեւէ պահանջված է։ Լեռնային Ղարաբաղի հայերի վրա շարունակում են կրակել։ Նրանց վրա տարբեր տեսակի ճնշում է գործադրվում։ Անջատում են գազը։ Երբ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վտանգը վերանա, կարծում եմ, Ղարաբաղի հայերը կկարողանան քննարկել այլ հնարավոր սցենարներ։ Սակայն այս պահին կարող ենք միայն արձանագրել՝ նրանց փաստացի գոյության հետ կապված վտանգ կա»,- ասաց ԱԳՆ ղեկավարը։