Ես վստահ չեմ, որ մինչեւ տարեվերջ մենք կկարողանանք ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակի առկայությունը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով՝ խաղաղության հաստատմանը կամ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են եւ դեռ շարունակվում են։

«Վերջերս մենք հերթական առաջարկները ստացանք ադրբեջանական կողմից։ Մենք նաեւ հանդես կգանք մեր առաջարկներով։ Ցավոք, շատ հարցերի շուրջ կողմերի մոտեցումները դեռ շատ հեռու են միմյանցից։ Այդուհանդերձ, բանակցությունները հենց դրա համար էլ տարվում են, որ կարելի լինի շփման եզրեր գտնել միմյանցից բավականին հեռու դիրքորոշումների միջեւ։ Նրանց նպատակը ընդհանուր արդյունքի հասնելն է»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները, ինչպես նշեց արտաքին գերատեսչության ղեկավարը, դեռեւս շարունակվում են։

Նա նաեւ ասաց, որ մինչեւ տարեվերջ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ նախատեսված չեն։

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ եւս մեկ հանդիպում կլինի։ Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը։ Մենք ակտիվ եւ կառուցողական ենք այս բանակցություններում։ Վստահ չեմ, որ մինչեւ տարեվերջ մենք կկարողանանք ապահովել խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակի առկայություն։ Այս մասին մենք նախապես հայտարարել էինք։ Սակայն սա մտադրությունների մասին հայտարարություն է: Մեր մտադրությունը, մեծ հաշվով, մնում է ուժի մեջ։ Մենք աշխատում ենք, որ հնարավորինս արագ հասնենք խաղաղության եւ համապարփակ կարգավորման»,- նշեց ԱԳՆ ղեկավարը։