ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են դրամական բանկի մնացած միջոցներն առաջիկա շաբաթներին Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու հնարավորությունը, դրանք նախկինում օգտագործվում էին աֆղանական անվտանգության ուժերին աջակցելու համար, գրում է Politico-ն՝ վկայակոչելով արեւմտյան պաշտոնյաներին։

Աֆղանստանի ազգային բանակի Նպատակային հիմնադրամից ստացված գումարներն օգտագործվել են  սարքավորումների եւ զորքերի վերապատրաստման համար: Կիեւը ՆԱՏՕ-ի երկրներին խնդրել է դիտարկել 3,4 միլիարդ դոլարի վերաբաշխումը Ռուսաստանի դեմ պայքարում իր ջանքերին աջակցելու համար, ասել են երկու արեւմտյան պաշտոնյաներ:

Աֆղանստանի Նպատակային հիմնադրամից փողերը կարող են ժամանակավոր միջոց լինել՝ գոնե կարճաժամկետ հեռանկարում: Դա կարող է նաեւ օգնել թուլացնել լարվածությունը դաշինքի ներսում պատերազմի վճռորոշ պահին՝ այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի միասնությունը կարեւոր  նշանակություն ունի:

ԱՄՆ-ը Աֆղանստանի ազգային բանակի Նպատակային հիմնադրամի անդամ չէ: Սակայն Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել իրենց եվրոպացի դաշնակիցներին շարունակել օգնել ֆինանսավորել Ուկրաինայի գործողությունները՝ չնայած աճող ֆինանսական լարվածությանը:

ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Դանիելե Ռիջոն ասել է, որ դոնոր երկրներին գումարների վերադարձման գործընթացն արդեն սկսվել է, սակայն ուղղակիորեն չի պատասխանել դաշինքի կողմից Ուկրաինային աջակցելու համար աֆղանական միջոցների օգտագործման վերաբերյալ հարցերին:

Աֆղանստանի ազգային բանակի Նպատակային հիմնադրամը Աֆղանստանին օգնելու մի շարք նման ջանքերից մեկն է, որը Քաբուլի անկումից հետո սառեցվել, փակվել կամ վերապրոֆիլավորվել է: