Այսօրվա դրությամբ Հայաստանը երկրաշարժի հետեւանքների վերացման առումով բոլոր քաղաքացիների նկատմամբ իր պարտավորությունը կատարել է, բացի 28 ընտանիքից, որոնք իրենք են ցանկություն հայտնել, որ իրենց հարցը լուծվի Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում, պատասխանելով Գյումրի քաղաքում տնակներում դեռևս բնակվող  քաղաքացիների ճակատագրին վերաբերող հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն դե յուրե, Հայաստանը երկրաշարժի հետեւանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն: Հաջորդը, Գյումրիում տնակները քաղաքի զարգացման ամենամեծ խոչընդոտն են: Մեզ մոտ հարց առաջացավ, եթե պետությունը բոլոր քաղաքացիների առջեւ իր պարտավորությունը կատարել է, ինչու այնտեղ դեռ կան տնակներ: Ես խնդիր դրեցի, որ պետք է ազատվենք այդ տնակներից: Հետո ստացանք նամակներ, որ ժամանակին իրենց նկատմամբ եղել է անարդարություն, եւ պետությունը իր պարտավորությունն իրենց նկատմամբ չի կատարել: Ես տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում ապրող քաղաքացիների՝ տնակներում գտնվելու հանգամանքները: Որովհետեւ հնթացս պարզվեց, որ Գյումրիի տնակներում մարդիկ են ապրում, որոնք մոտակա գյուղերում ունեն բնակարան: Պարզապես տնակ են գնել եւ բնակվում են Գյումրիում:

Կան տնակներ, որոնք ավերակ են, կան տնակներ, որոնք շարունակում են մնալ այն մարդկանց տիրապետության ներքո, որոնք ունեն բնակարան։ Այսինքն՝ մոտակայքում ունեն բնակարան, տնակն էլ ժամանակին չի ապամոնտաժվել»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի պետք է պարզել, թե ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն. «Եթե կան այդպիսի մարդիկ, ապա երաշխավորում ենք, որ պետությունը պետք է պարտավորությունը կատարի, բայց եթե կան մարդիկ, որոնք իրենց տունը թողել են և համարել են  տնակում ապրելը հեռանկարային, մենք չենք կարող այդ քայլերով երկրի զարգացումն ապահովել։ Եթե մենք դա չանենք, ապա այդ մարդիկ անընդհատ կգան և այդ տնակներում կբնակվեն։ Առանց տնակային ավանի ապամոնտաժման Գյումրին իրական զարգացում չի ունենալու»,- ընդգծեց Փաշինյանը: