Կենսաթոշակային քարտերից անկանխիկ գնումների ծրագրին պատրաստ է միանալ դեղատների ցանցերից մեկը։  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով ՝ այս ցանցը պատրաստ է զեղչեր առաջարկել թոշակառուներին։ Մասնավորապես, նրանց, ովքեր գնումներ են կատարելու իրենց բանկային քարտերով։ 

«Հուսով եմ, որ մեր քննարկումները դրական արդյունքի կհանգեցնեն։ Եթե մինչեւ հուլիս, երբ ներդրվել էր քեշբեքը, թոշակառուները գրեթե անկանխիկ գնումներ չէին կատարում, ապա նոյեմբերի արդյունքներով դրանց ծավալը հասել է արդեն 2 մլրդ 173 մլն դրամի։ Ավելին, ամեն ամիս այն ավելանում է 300-400 մլն դրամով»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ աճում է ինչպես ծրագրից օգտվողների թիվը, այնպես էլ կենսաթոշակառուների կողմից իրականացվող անկանխիկ գնումների միջին ծավալը։