Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԹԵՐՄՈՐԵՔՍ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԹԵՐՄՈՐԵՔՍ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել բիմետաղյա ջերմակարգավորիչներ ու ջերմաստիճանի սահմանափակիչներ արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 15 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 19 նոր աշխատատեղ՝ մինչև 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է15 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․1 մլրդ դրամ: