Հայ-ռուսական գործարար կապերի զարգացման և ռիսկերի կառավարման հարցերին անդրադարձան դեկտեմբերի 7-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցեցին գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տնտեսական կապերի զարգացման ստորաբաժանման ղեկավարները։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանն ընդգծեց համանման  քննարկումների կարևորությունը, նշելով, որ, թեև ստեղծված օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, դժվար է տնտեսության զարգացում ապահովել, սակայն գործարարները միշտ փորձում են որոնել ու ելքեր գտնել ցանկացած բարդ իրավիճակում։

Նրա խոսքով՝ այս միջոցառման ժամանակ քննության առնված հարցերը, առաջարկվող լուծումները ևս կոչված կլինեն երկկողմ տնտեսական կապերի հետագա աշխուժացմանը, շուկաների ընդլայնմանը։

«Ինտերֆաքս»-ի՝ ԱՊՀ-ում գործարարության  զարգացման վարչության տնօրեն Դարյա Ժևլակովան ընդգծեց, որ ռուսաստանցի և արտասահմանցի գործընկերների շրջանում ավելի ու ավելի է մեծանում Հայաստանի տնտեսությամբ հետաքրքրվողների ու գործարար կապեր հաստատել ցանկացողների թիվը։

Նա անդրադարձավ երկկողմ գործակցության համար այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են անբարեխիղճ գործընկերների բացահայտումը, պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հայտնաբերումը, նույնիսկ, եթե դրանք չեն գտնվում համապատասխան ցանկերում, ներդրումային հնարավորությունների և նոր շուկաների որոնումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ կազմակերպությունների ստուգման գործընթացի ավտոմատացումը։

Հայ գործարարները հանգամանալի տեղեկացվեցին, թե ինչպես կարելի է մասնակցել Ռուսաստանի Դաշնության պետական գնումներով հայտարարված մրցույթներին։

«Ինտերֆաքս»-ի գրասենյակի փոխտնօրեն Ալեքսեյ Լեոնովը ներկայացրեց գործակալության մի շարք ավտոմատացված համակարգեր, որոնք տնտեսվարողներին թույլ են տալիս կառավարելի դարձնել ռիսկերը։  Վերջիններիս թվում են այնպիսի տեղեկատվական ռեսուրսներ, ինչպիսիք են՝ СПАРК-ը (ստուգող կոնտրագենտներ), Մարկերը (պետական գնումների վերլուծություն), СКАН-ը (մեդիա վերլուծություն), X-Compliance (պատժամիջոցների վերլուծություն) և շատ ուրիշներ: 

Մասնակից կողմերը պայմանավորվեցին փոխգործակցությունը դարձնել շարունակական։