ԱՄՆ իշխանություններն աշխատում են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին չորեքշաբթի օրվա ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը՝ չնշելով, սակայն, թե արդյոք Վաշինգտոնը նպատակահարմար է համարում Կիեւին Patriot հակահրթիռային  պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տրամադրումը։

«Մենք սերտ համագործակցության մեջ ենք ուկրաինացիների հետ՝ անվտանգության ոլորտի իրենց պահանջմունքների հետ կապված։ Մենք աշխատում ենք Ուկրաինային ՀՕՊ համակարգերի տրամադրման ուղղությամբ, կոնկրետ այս հարցի [Patriot համալիրների] վերաբերյալ այսօր ազդարարելու բան չունեմ»,- ասել է նա։

Ժան-Պիեռին խնդրել են մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Բեռլինը եւ Վարշավան համաձայնության են եկել Լեհաստանում Patriot համակարգերի տեղակայման մասին։ Նա ի պատասխան նշել է, որ այդ պայմանավորվածությունը պետք է մեկնաբանեն Լեհաստանի եւ Գերմանիայի իշխանությունները, բայց ավելացրել է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը «ողջունում է դաշնակիցների՝ ՆԱՏՕ հավաքական պաշտպանության ամրապնդմանն ուղղված ջանքերը»։