Ածխի արդյունահանման եւ արտահանման պետական ընկերության նախկին ղեկավար Բաթուլգին Գանհույագը, նրա ազգականները եւ մի քանի գործարարներ կալանավորվել են կատարված խուզարկություններից հետո։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Մոնղոլիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարար Հիշգեեգիյն Նյամբաաթարին։

«Խուզարկությունները կատարվել են դեկտեմբերի 8-ի գիշերը կասկածյալների տներում։

«Ածխի թալանի այս գործի առնչությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հետաքննությանն աջակցելու համար։ Առաջին նիստը տեղի է ունեցել չորեքշաբթի։ Աշխատանքային խմբի նիստից հետո հետաքննությունն ակտիվացել է»,- ասել է երկրի արդարադատության եւ ներքին գործերի նախարարը։

Նշվել է, որ առայժմ ընդհանուր առմամբ կալանավորվել է ութ մարդ։

Կալանավորվել են նաեւ պետական ընկերության նախկին ղեկավարի կինը, քույրը եւ փեսան, «Էրդենես Թավան-Թոլգոյ»-ի բաժիններից մեկի պետը, երկու մասնավոր ընկերությունների ղեկավարներ եւ սեփականատերեր։

Քննչական գործողությունները շարունակվում են։