Մենք հանդիպում ենք ունեցել տեղահանված քաշաթաղցիների հետ, իրենք հարցեր են բարձրացրել եւ դրանց մեծ մասին մենք դրական ենք արձագանքել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Օրինակ, եթե մինչեւ մեր հանդիպումը բանկերը ընտանիքի բոլոր անդամների վարկունակությունյ, վարկային պատմությունն էր դիտարկում, հիմա մենք բանկերի ու ԿԲ-ի հետ քննարկում ենք, որպեսզի բանկերը առանձնահատուկ  վերաբերմունք ցուցաբերեն եւ այդ վարկունակությունը չդիտարկվի, խոսքը վերաբերում է «սեւ ցուցակներում» ընդգրկվածներին:

Քաշաթաղցիների կողմից հարց էր բարձրացվել, ասում էին, որ արդեն ուսումնասիրել են տարբեր մարզերում հողակտորներ, եւ ցանկանում են, որ հնարավորություն տրվի այդ 10 մլն դրամի մի որոշ մասը տրամադրել հողակտոր գնելուն, մյուս հատվածը կառուցմանը: Դա չկար ծրագրում: Մենք դրան դրական ենք արձագանքել»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագրով նախատեսվում է մինչեւ 10 մլն դրամ հատկացնել բնակարաններ ձեռք բերելու համար: Քաշաթաղցիները բողոքում են, որ բանկերը իրենց հավանած տները ավելի ցածր են գնահատում եւ 10 մլն-ի փոխարեն ավելի քիչ գումար են տալիս: Նաեւ շատերին վարկ չեն տրամադրում՝ հաշվի առնելով նրանց վարկունակությունը: Արդյունքում շատ քչերն են կարողանում օգտվել այդ ծրագրից, որը մեկ տարի ժամկետով է: