Կիեւում Ադրբեջանի դեսպանատունը պաշտպանել է 8 տարվա ազատազրկման դատապարտված Միսիր Ղասիմլիին եւ նրա հանցակից Սուբհան Գուլիեւին։

Հիշեցնենք, որ վերջիններս դատապարտվել են մարդու առեւանգման, խուլիգանության եւ զենք պահելու համար։ Դատավարությունը տեւել է ավելի քան մեկուկես տարի։

2021 թվականի հունիսի 8-ին հանցակիցները խնջույք են կազմակերպել Կիեւի ռեստորաններից մեկում։ Այնտեղ ծանոթացել են քաղաքացու հետ, զրույցի ընթացքում պարզվել է, որ նրա մայրը հայուհի է։ Հանցակիցները առեւանգել, ծեծել եւ կողոպտել են տղամարդուն։ Տուժողի անունը չի նշվում։

Սակայն դեսպանատանը «Ռաֆիկը ոչ մի բանում մեղավոր չէ» ոգով փորձում են տեղի ունեցածի մեջ մեղադրել հայերին։  

«Դեսպանատունը այդ հարցի պարզեցման համար համապատասխան աշխատանք է կատարել։ Մեղադրանք է առաջադրվել հայկական ծագում ունեցող անձանց պատվերով։ Այդ տեղեկատվության առիթով մտահոգություն արտահայտող դիմում է հասցեագրվել Ուկրաինայի ԱԳՆ-ին»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։