Դեեռեւս վերջնական որոշում չկա՝ արդյոք խաղաղության պայմանագրով է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու կամ փորձ արվելու լուծելու, թե՞ մենք առանձին միջազգային մեխանիզմն ենք ստեղծելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրի տեքստում որեւէ խոսք կա Արցախի մասին:

«Գիտեք, որ Վաշինգտոնում իմ եւ Ադրբեջանի նախագահի օգնականի միջեւ հանդիպմանը, որը կազմակերպել էր Ջեյք Սալիվանը, համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը քննարկեն ԼՂ-ի հայերի  իրավունքներն ու անվտանգությունը: Մինչ այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաեւ  հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրով ենք դա անելու, թե այդ պայմանագրից դուրս»,-ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը ո՞ր տարբերակին է կողմ, Գրիգորյանը պատասխանեց. «Երեւանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ իրավունքների եւ անվտւանգության վերաբերյալ: Դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով, կարող է միջազգային այլ մեխանիզմով ֆիքսվել:

Ես ենթադրում եմ, որ երբ Ադրբեջանն այդ 5 կետերը գրել է, այդ 5 կետերից երեքը ԼՂ մասին են՝ առանց ԼՂ անունը տալու: Խաղաղության պայմանագրի տեքստում որոշ այդպիսի նախադասություններ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է ԼՂ մասին առանց հստակեցնելու: Հայկական կողմի տեսակետն այն է, որ եթե որեւէ ակնարկ կա ԼՂ-ի մասին, դա պետք է հստակ  նշվի»: