Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա. մեկն առաջարկել է Ռուսաստանը, մյուսը այն տեքստն է, որի վրա աշխատում ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի հրապարկվել:

«Միայն կա երկու տեքստ, մեկն առաջարկել է Ռուսաստանը, մյուսը՝ Ադրբեջանը: Արեւմուտքը որեւէ տեքստ մեզ չի առաջարկել: Արեւմուտքը  փորձել է միջավայր ստեղծել բանակցության համար: Մոսկվան եւս այդպիսի միջավայր փորձում է ստեղծել:  Մեսիջները, որ երկու կողմից ստացել ենք, կարեւոր է, որ մենք խաղաղության հասնենք: Հայաստանն ու Ադրբեջանն են հիմնական շահառուն, պետք է փորձեն աշխատել այս ուղղությամբ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ռուսական տարբերակն ավելի շահավետ չէ, որով առաջարկվում է ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ կողմ ենք դրան, եկեք առաջ շարժվենք: Մենք Սոչիի հանդիպումից առաջ հրապարակային եւ ոչ հրապարակային, որ Ռուսաստանի առաջարկած փաթեթը նշվի Սոչիի հայտարարության մեջ: Դա Սոչիի հայտարարությունում չի նշվել: Թե ինչու, ավելի ճիշտ կլինի Ռուսաստանից հարցնել»: