Դուք այդ հարցն ուղղե՞լ եք Հայաստանի իշխանություններին։  Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցին հարցով պատասխանեց՝ մեկնաբանելով հարցն այն մասին, թե ինչու  բանակցային գործընթացում անտեսվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հաշվի չի առնվում Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի կազմում բնակվելու ցանկություն չունենալը, թեեւ ինքնորոշման իրավունքը նշված է նաեւ Ալմա-Աթայի հռչակագրում եւ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ։ Լրագրողը հիշեցրեց նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմք է դառնալու 1991թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը եւ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, դրանով Հայաստանը ճանաչել է, որ ԼՂԻՄ-ն այն ժամանակ եղել է Ադրբեջանի կազմում, եւ դա, իբրեւ թե, հեշտացնում է Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հետագա աշխատանքը։ Լրագրողը նշեց, որ այնինչ Հայաստանի խորհրդարանը Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացրել է վերապահությամբ, որ դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, իսկ Լեռնային Ղարաբաղն ինքը դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ խորհրդային օրենսդրությանը համապատասխան եւ հռչակագրի ստորագրման ժամանակ Ադրբեջանի կազմում չէր։

«Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը մամուլի ասուլիսին շարադրեց բոլոր նյուանսները, բոլոր շեշտադրումները։ Ավելացնելու ոչինչ չկա։ Նույն ձեւակերպմամբ այս հարցը թող որեւէ մեկն ուղղի իշխանություններին, որպեսզի պարզ լինի պետության միասնական հանրային դիրքորոշումը։

Եվ այդ ժամանակ կկարողանանք հանրային բանավեճ վարել։ Մենք վերջին շրջանում տեսել ենք ինչ-որ բաների տարբեր մեկնաբանություններ, շատ տարբեր բացատրություններ։ Կցանկանայինք հասկանալ Երեւանի հիմնական պաշտոնական դիրքորոշումը»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել էր. «Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին եւ հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով։ Իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է»։