ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան իրենք են կանգնեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչու Մոսկվան, Փարիզը եւ Վաշինգտոնը չեն կարող միասին աշխատել ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ։

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն տվել է իր գնահատականը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Վաշինգտոնը եւ Փարիզը, լինելով  նրա համանախագահները, այս տարվա փետրվարին կեղծ պատրվակներով հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից։ Նրանք այն թաղեցին որպես միջազգային հարթակ»,- նշել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ համագործակցության խախտման համատեքստում բացառություն չդարձան նաեւ Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ Ժնեւյան քննարկումները։

Զախարովան նշել է, որ բանակցությունների 56-րդ փուլը կայացավ իննամսյա ընդմիջումից հետո, իսկ հաջորդ փուլը նախատեսված էր այս տարվա դեկտեմբերին, սակայն հետո հետաձգվեց մինչեւ 2023 թվականի փետրվար։