ԵՄ-ն պետք է խուսափի պրոտեկցիոնիզմի «ողորկ ճանապարհից», երբ կատաղի արդյունաբերական դիմակայության մեջ է մտնում ԱՄՆ-ի հետ։ Այս մասին POLITICO-ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Մենք սկսում ենք սուբսիդիաների պատերա՞զմ։ Մտավախություն ունեմ, որ կտեսնեմ պրոտեկցիոնիստական տրամադրությունների աճ»,-ասել է նա։

Եվրոպան վրդովված է ինֆլյացիայի նվազեցման մասին ամերիկյան օրենքի դրույթներից, որոնք նախատեսում են միլիարդավոր դոլարների սուբսիդիաներ եւ խթան  էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների եւ էլեկտրամոբիլների հայրենական արտադրության  հատվածին։ Դա կարող է ամերիկյան արտադրողներին մրցակցային առավելություն տալ այն ժամանակ, երբ եվրոպացի արդյունաբերողները բախվում են տնտեսական լուրջ դժվարությունների։

Սուբսիդիաների սխեման նույնիսկ Եվրոպայում ոմանց ստիպել է Վաշինգտոնին մեղադրել շահարկումների մեջ, մինչդեռ եվրոպական մայրցամաքում պատերազմ է մոլեգնում:

Մեցոլայի խոսքով՝ ԵՄ-ն պետք է խուսափի «ողորկ ճանապարհից, որով ընթանում է պրոտեկցիոնիստական մրցավազքը»։ Նա հավելել է, որ կառավարության միջամտության որոշակի աստիճան նույնպես անհրաժեշտ է տնտեսական աճը խթանելու համար:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է փորձի համաշխարհային մասշտաբով մրցակցային առավելություն ստանալ՝ հավատարիմ մնալով իր ժողովրդավարական արժեքներին եւ հետապնդելով իր կլիմայական օրակարգը:

Մեցոլան նաեւ կոչ է արել ավելի ակտիվ մոտեցում ցուցաբերել Պեկինի եւ Ասիայի այլ երկրների հետ հարաբերությունների նկատմամբ՝ Չինաստանից ԵՄ-ի արդյունաբերական կախվածությունն անվանելով «տնտեսապես հսկայական»։ «Մենք բավականաչափ չենք աշխատել մեր ասիացի գործընկերների հետ, այնպես որ, շատ առեւտրային գործարքներ դեռ քննարկման փուլում են: Որտե՞ղ ենք մենք: Ինչո՞ւ մենք չենք վարում այս բանավեճը՝ տրտնջալու փոխարեն»,-հավելել է Մեցոլան։