Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը  ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ս. Առստամյանն էր: Նա ներկայացրել է տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը համապատասխանեցնել ՀՀ համանուն օրենքի հետ` ապահովելով զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, միաժամանակ պատշաճ կազմակերպելով  զորակոչի գործընթացը:

Օրենքի նախագիծը մշակվել է ՊԲ ԲՀԱ բաժնի  կողմից, փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական  ծառայությունում: Ըստ ներկայացված եզրակացության` նախագիծը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միաձայն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում: