Ռուսաստանը Հնդկաստանի նավթի խոշորագույն մատակարարը դառնալու ճանապարհին է, Մոսկվան ակտիվորեն ներխուժում է ասիական հսկայի էներգետիկ հատված, ինչը, հավանաբար, կթուլացնի G7-ի երկրների եւ նրանց արեւմտյան դաշնակիցների կողմից սահմանված գնային շեմի ազդեցությունը:

Հումքային ապրանքներին հետեւող Kpler ընկերության կողմից The Independent-ին տրամադրած տվյալների համաձայն՝ Հնդկաստան ռուսական հում նավթի ներմուծումը նոյեմբերին հասել է ողջ պատմության ընթացքում իր ամենաբարձր մակարդակին, քանի որ նավթավերամշակող գործարանները գնել են օրական ավելի քան 1,03 մլն բարել:

Նարենդրա Մոդիի կառավարությունը ուկրաինական պատերազմի սկզբից էժան գներով նավթ է գնել Ռուսաստանից, քանի որ արեւմտյան երկրները փորձում էին հրաժարվել էներգակիրների մատակարարման հարցում Մոսկվայից կախվածությունից:

Նախնական տվյալներով՝ Ռուսաստանից նավթի արտահանումն այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին զրոյից բարձրացել է մինչեւ հոկտեմբերին 902 000 բարել օրական եւ նոյեմբերին հասել օրական 1 միլիոն բարելի ռեկորդային մակարդակի: «Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ դեկտեմբերին Ռուսաստանը կդառնա Հնդկաստանի թիվ մեկ մատակարարը»,- The Independent-ին ասել է Kpler-ի առաջատար նավթային վերլուծաբան Մեթ Սմիթը, որն առաջին անգամ առաջ է անցել մերձավորարեւելյան ավանդական գործընկերներից՝ Սաուդյան Արաբիայից եւ Իրաքի ներկայիս առաջատար մատակարարից:

Սա նաեւ կապված է այն բանի հետ, որ մայիսին հայտարարված ռուսական ծովային հում նավթի նկատմամբ Եվրամիության մասնակի էմբարգոն ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը, այն նույն օրը, երբ G7-ը սահմանել է գների շեմը: ԵՄ արգելքը վերաբերում է եվրոպական երկրներ ռուսական նավթի ներմուծման ավելի քան երկու երրորդին:

Հնդկաստանը եւ Չինաստանը դարձել են ռուսական նավթ գնող երկու խոշոր զարգացող տնտեսությունները: Դելին բազմիցս պաշտպանել է իր ներմուծումները Ռուսաստանից՝ հայտարարելով, որ լավագույն գործարքը ստանալու պատասխանատվություն է կրում Հնդկաստանի քաղաքացիների առջեւ, եւ Արեւմուտքը «ճնշում չի գործադրի դրա վրա»:

Հնդկաստանի նավթի նախարարության լրացուցիչ գլխավոր տնօրեն Ռաջիվ Ջայնը The Independent-ին ասել է, որ Հնդկաստանի վարկանիշը Ռուսաստանի էներգետիկ առեւտրում «մեր հաշվարկների համար նշանակություն չունի», քանի որ Դելիի միակ շահը ամենաէժան նավթ գնելն է:

«Մենք կգնենք այնտեղ, որտեղ նավթն էժան է։ Մենք չենք անհանգստանում առաջին կամ երկրորդ համարը լինելու համար [քանի որ] շահագրգռված ենք գնել ամենաէժան նավթը»,- ասել է Ջեյնը:

Նա հավելել է, որ G7-ի գնային սահմանփակումը չի ազդի հնդկական ներմուծման վրա, քանի որ նավթավերամշակող գործարանները գնում են լավագույն պայմաններով եւ այն, ինչը լավագույնն է, հասանելի է նրանց: «Մենք չենք բանակցում երթուղու վերաբերյալ։ Նրանք գնում են ըստ իրենց պահանջների եւ բանակցում են լավագույն մատչելի գնով»,- ասել է նա՝ նկատի ունենալով առեւտրին մասնակցող կազմակերպություններին։

Վերլուծաբաններն ասում են, որ այժմ Հնդկաստանը պետք է առաջ անցնի ԵՄ-ից՝ դառնալով Ռուսաստանից նավթի խոշորագույն ներկրողը, ընդ որում՝ նրա գնումները հիմնական գործոնն են, որոնք անարդյունավետ են դարձնում արեւմտյան էմբարգոյի միջոցները:

«Հնդկաստանը առանցքային դեր կխաղա գնային սահմանի անարդյունավետության ապահովման գործում՝ մինչեւ Ուկրաինա ներխուժումը նա ռուսական նավթի հազվադեպ գնորդ է եղել, բայց այժմ ներմուծում է օրական մոտ մեկ միլիոն բարել, ինչը կազմում է Ռուսաստանի ծովային հում նավթի արտահանման մեկ երրորդը»,- ասել է Սմիթը։