Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հրաժարվել պետական եւ մասնավոր հատվածի աշխատակիցների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու ծրագրից՝ բյուջեի լարվածության հետ կապված մտահոգությունների պատճառով, հայտարարել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնում է Bloomberg-ը։

Վաղաժամկետ կենսաթոշակը առանցքային խոստում է հունիսին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ըստ գնահատականների՝ այդ ծրագրերը կընդգրկեն 1,5 միլիոն մարդու, սակայն Էրդողանն այժմ դիտարկում է այլընտրանքային տարբերակ, որը կազդի ավելի քիչ աշխատակիցների վրա:

Պաշտոնյաների խոսքով՝ Էրդողանը արդեն երկուշաբթի օրը կառավարության նիստում կարող է որոշում կայացնել:

Վաղաժամկետ կենսաթոշակի պահանջները բավարարելու խոստումն օգնել է Էրդողանին ամրապնդել իր աջակցության բազան:

Սակայն Թուրքիայի կառավարությունը ներկայումս քննարկում է մի ծրագիր, որը կընդգրկի այդ իրավունքն ունեցողների միայն մոտ 60 տոկոսին: Նախնական ծրագրի արժեքը, որը ներառում է վերջնահաշվարկը, կարող է գերազանցել 250 միլիարդ լիրան (13 միլիարդ դոլար): Ըստ աղբյուրների՝ դա երեք անգամ ավելի է, քան երկրի սոցիալական ապահովության համակարգը վճարել է մոտ 14 միլիոն թոշակառուների այս տարվա հոկտեմբերին:

Այլընտրանքային ծրագրերը նախատեսում են ամենատարեց աշխատողների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելը: