ԱՄՆ-ն առաջիկա շաբաթների ընթացքում լրացուցիչ հետեւակային ստորաբաժանումներ կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտարարել են Էստոնիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները, հաղորդում է Reuters-ը։

Խոսքն ԱՄՆ հետեւակային վաշտի ստորաբաժանման մասին է, որը սովորաբար բաղկացած է 80-250 զինվորներից։ Տեղակայումը կուղեկցվի HIMARS բարձր շարժական հրետանային հրթիռային համակարգով, ինչպես նաեւ համապատասխան սարքավորումներով եւ կառավարման եւ վերահսկման համակարգերով:

«Այս որոշումը նշանավորում է Էստոնիայում եւ Բալթյան երկրներում ԱՄՆ-ի  ռոտացիոն ռազմական ներկայության զգալի ուժեղացումը՝ ցուցադրելով ԱՄՆ-ի վաղեմի հավատարմությունը մեր տարածաշրջանի անվտանգությանը եւ ՆԱՏՕ-ի դիրքերի զգալի ամրապնդումը»,-ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պեւկուրը:

Անցյալ շաբաթ Էստոնիան հայտարարել է, որ ձեռք կբերի առաջադեմ HIMARS համակարգեր՝ իր պաշտպանական ներուժը բարձրացնելու համար։