Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջանին Ուինի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում միգրացիայի և տեղահանված անձանց հումանիտար հարցերով առկա վիճակի վերաբերյալ Պաշտպանի հաստատության հետևությունները, տեղեկացրել, թե ինչպիսի դիմումներ է ՄԻՊ-ը ստանում։

Գրիգորյանը ընդհանուր գծերով ներկայացրել է հաստատության մանդատը, թե ինչպես է ՄԻՊ-ն աշխատում հատկապես ադրբեջանական ագրեսիայի հումանիտար ու իրավունքների խախտումների հետևանքների փաստագրման, միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին դրանց ներկայացման ուղղությամբ։

Փոխպետքարտուղարի տեղակալ Ուինը հետաքրքրվել է այն կարիքներով, որոնց հասցեագրման ուղղությամբ Պաշտպանն առաջարկում է դիտարկել Բյուրոյի աջակցությունը։ Պաշտպան Գրիգորյանը նաև ներկայացրել է, որ հաստատությունը մասնակցում է հումանիտար հետևանքների վերացմանը միտված կենտրոնական ու տեղական իշխանության մարմինների կողմից մշակվող ծրագրերի քննարկումներին, ներկայացնում առաջարկություններ՝ ըստ փաստագրված կարիքների։ Այդ աշխատանքում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է համագործակցությունը տեղական հասարակական կազմակերպությունների հետ։

Տիկին Ուինը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների ու ներկայացված արտահերթ զեկույցների համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդիվ աշխատել նշված կարիքների հասցեագրման ուղղությամբ։