Ռուսական գազի մատակարարումների կրճատման հետ կապված՝ Եվրոպան եկող տարի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) «մեծ ծավալների» կարիք կունենա, ասել են Trafigura հումքային ընկերությունում եւ ավելացրել, որ սպասում են անկայունության պահպանման բնական եւ հեղուկացված գազի շուկաներում, գրել է Oilprice.com-ը։

«Մենք ապագայում սպասում ենք, որ գազի եւ հեղուկացված բնական գազի շուկաները անկայուն կմնան»,- նշվել է Trafigura-ի տարեկան հաշվետվությունում, որտեղ աշխարհում հումքային ապրանքների ամենամեծ անկախ թրեյդերներից մեկը տեղեկացրել է ռեկորդային բարձր զուտ շահույթի մասին՝ 7 մլրդ դոլար։

«Չնայած Եվրոպային կհաջողվի խուսափել այս ձմռանն էլեկտրաէներգիայի անջատումներից՝ օգտագործելով պաշարները եւ կրճատելով պահանջարկը, նա ստիպված կլինի 2023թ. հսկայական ծավալով ՀԲԳ ներմուծել՝ նկատի ունենալով Ռուսաստանից մատակարարումների կտրուկ կրճատումը»,- նշվել է Trafigura-ի հաշվետվությունում։

Բնական գազի գները Եվրոպայում, նշվել է հաշվետվությունում, պետք է մնան բարձր, որպեսզի Եվրոպան կարողանա շարունակել ներգրավել ՀԲԳ-ի բեռների մեծ մասը՝ մրցակցելով պահանջարկի այլ կարեւոր կենտրոնների հետ։ Հումքային ապրանքներ վաճառող ընկերությունն սպասում է, որ Եվրոպան կշարունակի առաջնային ուշադրություն հատկացնել մատակարարումների անվտանգությանը «հաջորդ ձմռանը եւ այդուհետ»։

Այս տարի Միացյալ Նահանգները ռեկորդային ծավալի ՀԲԳ է առաքել Եվրոպա։ Reuters-ի գնահատականներով՝ նոյեմբերին Եվրոպա է ուղարկվել ԱՄՆ-ից ՀԲԳ-ի բոլոր բեռների 72 տոկոսը։

Սակայն ռուսական գազի մատակարարման էական կրճատում այս տարի տեղի է ունեցել միայն հունիսին, իսկ դա նշանակում է, որ այս տարվա սկզբին Եվրոպան դեռ կարող էր պահեստավորել որոշակի քանակությամբ ռուսական գազ։

2023/2024թթ. ձմռան շեմին Եվրոպան շատ ռուսական գազ չի ներմուծի կամ առհասարակ չի ներմուծի, եթե Ռուսաստանը դադարեցնի մատակարարումները միակը մնացած գործող երթուղով՝ Ուկրաինայով եւ «Թուրքական հոսքով»։