Անհրաժեշտ ենք համարում այսուհետ եւս ՇՀԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում զարգացնել տեղեկատվության մշտական փոխանակումը պաշտպանական քաղաքականության ոլորտում, կիսել ազգային զինված ուժերի կառուցման փորձը, խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը, ներդնել զինատեսակների եւ տեխնիկայի ամենաարդիական նմուշները։  Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով ՇՀԿ-ի եւ ԱՊՀ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասնակիցներին։

«Նշեմ, որ երկար տարիներ մեր երկրների զինվորական անձնակազմերը մշակում են համակարգման եւ համաձայնեցման հարցերը համատեղ զորավարժությունների, օպերատիվ եւ մարտական պատրաստության այլ միջոցառումների ընթացքում։ Մշտական հիմքով իրականացվում են օպերատիվ արձագանքման եւ արագ տեղակայման հավաքական ուժերի զորավարժանքներ, հետախուզություններ եւ ՀԱՊԿ-ի նյութատեխնիկական ապահովում, ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի զորավարժություններ, ինչպես նաեւ ՇՀԿ-ի անդամ պետությունների հակաահաբեկչական հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Այդ համատեղ վարժանքները, ոչ ստանդարտ խնդիրների լուծումը ռազմական կառավարման որակի բարձրացման անհրաժեշտ պայմանն են։

Այսօր բացառիկ նշանակություն են ստանում նաեւ համատեղ խաղաղարար առաքելությունները։ Կարեւոր է այսուհետ եւս կատարելագործել խաղաղապահ զորամասերի օպերատիվ հմնարավորությունները, շարունակել ՄԱԿ գործողություններին դրանց միանալու աշխատանքը՝ ուղղված խաղաղության պահպանմանը։

Մենք թանկ ենք գնահատում ՇՀԿ-ի եւ ԱՊՀ-ի համագործակցության բազմամյա ավանդույթները զինվորական կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման ոլորտում։ Մտադիր ենք այսուհետ եւս ակտիվորեն զարգացնել այս կարեւոր ուղղությունը, օգտագործել Ռուսաստանի Զինված ուժերի բազային ուսումնամեթոդական կառույցները, ուսումնամարտական կենտրոնները։

Ամփոփելով՝ ցանկանում եմ հանդիպման մասնակիցներին մաղթել բեղուն, արդյունավետ աշխատանք։ Համոզված եմ, որ սերտ գործընկերությունը պաշտպանական ոլորտում կբարձրացնի մեր երկրների հեղինակությունն ու ազդեցությունը, կնպաստի Եվրասիայում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը եւ, իհարկե, կծառայի մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամության եւ վստահության ավանդույթների հետագա զարգացմանը»։