«Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծով հայկական կողմին կտրամադրվի 100 միլիոն եվրո՝ երկու մասնաբաժիններով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։

Վահե Հովհաննիսյանը քննարկման ներկայացրեց նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով հայկական կողմին կտրամադրվի 100 միլիոն դոլար:

Այդ միջոցները, ինչպես նշեց փոխնախարարը, կուղղվեն պետբյուջեի դեֆիցիտի մարմանը, ինչպես նաեւ պլանային ծախսերի ֆինանսավորմանը։

«Ասիական զարգացման բանկի վարկը կտրամադրվի 12 տարի ժամկետով։ Դրանցից 3 տարին արտոնյալ է։ Ընդ որում, միջոցների 30 տոկոսը դրամաշնորհային կլինի։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը նույնպես վարկ կտրամադրի։ Խոսքը 100 միլիոն եվրոյի մասին է»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը։